Ընդհանուր նկարագիր
IP հասցեների թույլատրելի ցանկը անվտանգության կամընտիր գործառույթ է, որը թույլ է տալիս սահմանել, թե որ IP հասցեները կարող են մուտք գործել ձեր OpenAI API։
Երբ այն միացված է, թույլատրվում են միայն նշված IP հասցեներից կամ IP միջակայքերից ստացվող հարցումները։ Մնացած բոլոր IP հասցեներից ստացվող հարցումները մերժվում են, նույնիսկ եթե պարունակում են վավեր API բանալի։
Այս գործառույթը նախատեսված է API-ի չարտոնված օգտագործման ռիսկը նվազեցնելու համար՝ մուտքը թույլատրելով միայն վստահելի ցանցային միջավայրերից։
Նշում․ IP հասցեների թույլատրելի ցանկը կիրառվում է միայն API հարցումների նկատմամբ։ Այն չի ազդում platform.openai.com մուտք գործելու կամ օգտատերերի՝ հաշիվ մուտք գործելու հնարավորության վրա։
Ինչու օգտագործել IP հասցեների թույլատրելի ցանկը
IP հասցեների թույլատրելի ցանկը կարող է օգնել ձեզ՝
API-ի հասանելիությունը սահմանափակել միայն հայտնի ենթակառուցվածքով (օրինակ՝ ձեր սերվերներով կամ ամպային միջավայրերով)
Նվազեցնել ռիսկը API բանալու արտահոսքի դեպքում
Ապահովել API տրաֆիկի աղբյուրների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մակարդակ
IP հասցեների թույլատրելի ցանկն առավել հաճախ օգտագործվում է արտադրական միջավայրերում, որտեղ API տրաֆիկը գալիս է հաստատուն կամ հստակ սահմանված ցանցային միջակայքերից։
Ինչպես է այն աշխատում
Դուք սահմանում եք թույլատրված IP հասցեների կամ CIDR միջակայքերի ցանկը։
Թույլատրված IP հասցեներից ստացվող հարցումներն ընդունվում են։
Թույլատրելի ցանկում չներառված IP հասցեներից ստացվող հարցումները մերժվում են։
IP հասցեների թույլատրելի ցանկը կարող է կիրառվել՝
կազմակերպության կամ
նախագծի մակարդակում
Հասանելիություն
IP հասցեների թույլատրելի ցանկը հասանելի է API-ի բոլոր հաճախորդներին։
IP հասցեների թույլատրելի ցանկը կարգավորելու համար հետևեք ստորև ներկայացված քայլերին։
Կարգավորել IP հասցեների թույլատրելի ցանկը
Նշում․ կարող եք ավելացնել մինչև 50 IP հասցե կամ CIDR միջակայք։
Բացեք Կարգավորումները։
Ընտրեք Անվտանգություն բաժինը։
Ընտրեք IP հասցեների թույլատրելի ցանկ տարբերակը։
Ավելացրեք մեկ կամ մի քանի IP հասցե կամ CIDR միջակայք։
(Ըստ ցանկության) Օգտագործեք Ստուգել գործիքը՝ պարզելու համար՝ արդյոք IP հասցեն ներառված է ձեր թույլատրելի ցանկում։
Միացրեք թույլատրելի ցանկով սահմանափակումը՝
որոշակի նախագծի կամ
ձեր ամբողջ կազմակերպության համար։
Փորձարկեք հարցումները այն միջավայրերից, որոնք նախատեսում եք օգտագործել։
Խորհուրդ ենք տալիս սկսել մեկ նախագծից, ապա սահմանափակումը կիրառել ամբողջ կազմակերպության համար։
Փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար կարող է պահանջվել մինչև 15 րոպե։
Նշում․ IP հասցեների թույլատրելի ցանկը կարգավորելու համար պետք է կազմակերպությունում համապատասխան թույլտվություններ ունենաք։
Խնդիրների լուծում
Եթե հարցումներն անսպասելիորեն ձախողվում են՝
Համոզվեք, որ հարցումն ուղարկվում է թույլատրված IP հասցեից։
Ստուգեք՝ արդյոք ձեր ենթակառուցվածքի IP հասցեները փոխվել են։
Ստուգեք ձեր սահմանած IP միջակայքերի ճշտությունը։
Սպասեք մինչև 15 րոպե, որպեսզի կարգավորումների փոփոխությունները կիրառվեն ամբողջ համակարգում։
Օգտագործեք Ստուգել գործիքը՝ պարզելու համար՝ արդյոք IP հասցեն թույլատրված է։
Ինչ է տեղի ունենում, երբ հարցումն արգելափակվում է
Եթե հարցումն ուղարկվում է թույլատրելի ցանկում չներառված IP հասցեից, այն ձախողվում է՝ վերադարձնելով հետևյալը․
HTTP կարգավիճակ՝ 401 Unauthorized
Սխալի կոդ՝ ip_not_authorized
Պատասխանի օրինակ․
{
"error": {
"message": "Your IP is not authorized to access this organization.",
"type": "ip_not_authorized"
}
}
Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք IP հասցեների թույլատրելի ցանկը կկանխի իմ API բանալու չարտոնված օգտագործման բոլոր դեպքերը։
Ոչ։ IP հասցեների թույլատրելի ցանկը կարող է օգնել նվազեցնել ռիսկը՝ սահմանափակելով API հարցումների աղբյուրները, սակայն այն ամբողջությամբ չի կանխում չարաշահման բոլոր ձևերը։ Այն պետք է օգտագործել անվտանգության այլ լավագույն գործելակերպերի հետ միասին, օրինակ՝ բանալիների անվտանգ պահպանում, դրանց պարբերական փոխարինում և հաշվի հուսալի պաշտպանություն։ Անվտանգությունն ուժեղացնելու համար ծանոթացեք մեր օգնության կենտրոնի՝ API բանալու անվտանգության լավագույն գործելակերպերի և չարտոնված օգտագործման կանխարգելման ուղեցույցներին։
Արդյո՞ք IP հասցեների թույլատրելի ցանկն ազդում է արձագանքման ժամանակի վրա։
IP հասցեների թույլատրելի ցանկի կիրառումը որոշ դեպքերում կարող է չնչին ուշացում առաջացնել՝ սովորաբար առաջին հարցումների ժամանակ։ Չի ակնկալվում, որ այն էական ազդեցություն կունենա API-ի ընդհանուր կատարողականի վրա։
Ինչպե՞ս իմանալ՝ արդյոք հարցումը ձախողվում է IP հասցեների թույլատրելի ցանկի պատճառով։
IP հասցեների թույլատրելի ցանկի պատճառով ձախողվող հարցումները վերադարձնում են՝
HTTP status: 401 UnauthorizedError code: ip_not_authorized
