Նշում․ փլագինը կարող է հասանելի չլինել բոլոր աշխատատարածքներում։
Ընդհանուր տեղեկություններ
OneNote փլագինը կարող է օգնել գտնել և ամփոփել նշումները, ի մի բերել որոշումներն ու անելիքները և աջակցվող գործողությունների միջոցով ստեղծել կամ թարմացնել նշումները։ Հասանելի հնարավորությունները կախված են ձեր հաշվից, աշխատատարածքից, արտադրանքի օգտագործվող միջերեսից և Microsoft-ի թույլտվություններից։
Միացրեք OneNote-ը
Փլագիններ բաժնում գտեք OpenAI-ի մշակած փլագինը և հետևեք միացման հրահանգներին։ Մուտք գործեք այն Microsoft հաշիվը, որին պատկանում են ձեզ անհրաժեշտ նշումները, կամ որն ունի դրանց աջակցվող հասանելիություն։ Կառավարվող աշխատատարածքում կամ Microsoft կազմակերպությունում կարող է պահանջվել ադմինիստրատորի հաստատումը։
Տեղադրման և ընտրության ընդհանուր հրահանգների համար տե՛ս Փլագինները ChatGPT-ում և Codex-ում։ OneNote-ը միացնելը չի ընդլայնում Microsoft-ում ձեր թույլտվությունները։
Գտեք և ամփոփեք նշումները
Նշեք նոթատետրի, բաժնի կամ էջի անունը և նկարագրեք, թե ինչ տեղեկություն է ձեզ անհրաժեշտ։ Օրինակ՝
Գտիր որոշումներն ու չլուծված հարցերը «Ապոլոն» նախագծի մասին իմ նշումներում։ Ներառիր սկզբնաղբյուր էջերի հղումները։
Կոնկրետ նոթատետր, բաժին և ամսաթվերի միջակայք նշելը օգնում է նեղացնել հարցման շրջանակը։ Որոշ որոնումներ ընդգրկում են էջերի սահմանափակ խումբ։ Եթե արդյունքը թերի է, նեղացրեք հարցման շրջանակը կամ խնդրեք շարունակել որոնումը՝ նախքան եզրակացնելը, որ տեղեկությունը բացակայում է։
Իմացեք նոթատետրերի հասանելիության մասին
Անձնական նոթատետրերի հետ գործողությունները հնարավոր են միայն միացված Microsoft հաշվին պատկանող նոթատետրերի համար։ Մեկ ուրիշի անձնական նոթատետրը, որով նա կիսվել է ձեզ հետ, կարող է չերևալ այդ աշխատանքային գործընթացում։
Microsoft 365 խմբերի և SharePoint կայքերի նոթատետրերի համար կիրառվում են համատեղ օգտագործվող նոթատետրերի հետ աշխատելու առանձին աջակցվող գործընթացներ։ Այդ նշումները հարցնելիս նշեք խումբը կամ կայքը և անհրաժեշտ նոթատետրը։ Microsoft-ի արտադրանքում նոթատետրին հասանելիություն ունենալը չի նշանակում, որ OneNote փլագինի բոլոր գործողություններն աջակցում են այդ տեսակի նոթատետրերին։
Ստեղծեք կամ թարմացրեք նշում
Նշեք, թե որ նոթատետրում, բաժնում և էջում եք ցանկանում փոփոխություն կատարել, և նկարագրեք փոփոխությունը։ Օրինակ՝
Հանդիպման այս որոշումներն ավելացրու «Ապոլոն» նախագծի մեկնարկի էջի վերջում։ Առկա նշումները թող անփոփոխ։
Գործողությունը թույլատրելուց առաջ ստուգեք, թե որ տարրն է փոփոխվելու և ինչ փոփոխություն է առաջարկվում։ Նշումներ կարդալու հնարավորություն ունեցող կապը կարող է չունենալ դրանք ստեղծելու կամ խմբագրելու թույլտվություն։ Աշխատատարածքի կանոնները, Microsoft-ի թույլտվությունները և հաստատման պահանջները շարունակում են գործել։
Պատճենեք էջը
Եթե աջակցվող աշխատանքային գործընթացը պատճենում է էջը, սպասեք պատճենման ավարտին և ստուգեք պատճենի նպատակակետը՝ նախքան նոր պատճենում սկսելը։ Հարցման ընդունվելը դեռ չի նշանակում, որ պատճենումն ավարտված է։ Եթե արդյունքն անհստակ է, մի կրկնեք հարցումը, մինչև դրա կարգավիճակը չպարզվի։
Խնդիրների լուծում
OneNote-ը բացակայում է կամ անջատված է
Ստուգեք, որ օգտագործում եք ճիշտ հաշիվն ու աշխատատարածքը։ Եթե աշխատատարածքը կառավարվում է ադմինիստրատորի կողմից, խնդրեք նրան ստուգել փլագինը և դրա համար պահանջվող հավելվածի կարգավորումները։ Հասանելիությունը կարող է տարբեր լինել՝ կախված գործարկման փուլից և օգտագործվող միջերեսից։
Microsoft-ը պահանջում է ադմինիստրատորի հաստատումը
Խնդրեք ձեր Microsoft ադմինիստրատորին ստուգել կապի համար պահանջվող թույլտվությունները։ Հետևեք հաստատման ցուցադրվող քայլերին․ աջակցության ծառայությանը մի փոխանցեք գաղտնաբառեր, տոկեններ կամ հաճախորդի գաղտնի բանալիներ։
Նոթատետրը կամ էջը բացակայում է
Ստուգեք, թե Microsoft-ի որ հաշիվն է միացված, և արդյոք նոթատետրը պատկանում է ձեզ, ուրիշն է դրան հասանելիություն տվել ձեզ, թե այն պահվում է խմբում կամ SharePoint կայքում։ Ստուգեք, թե այդ տեսակի նոթատետրի համար որ աշխատանքային գործընթացն է աջակցվում։ Սահմանափակեք որոնումը անհրաժեշտ նոթատետրով կամ բաժնով և ստուգեք՝ արդյոք արդյունքը թերի էր։
Գրելու կամ պատճենելու գործողությունը ձախողվում է
Ստուգեք, որ նույն Microsoft հաշվով հնարավոր է ցանկալի փոփոխությունն ուղղակիորեն կատարել, և որ ձեր աշխատատարածքը թույլատրում է այդ գործողությունը։ Գրանցեք գործողության կոնկրետ թիրախը, սխալը և ժամը։ Եթե պատճենման արդյունքն անհայտ է, նորից փորձելուց առաջ ստուգեք պատճենի նպատակակետը և արդեն սկսված գործողության կարգավիճակը։
