1. Ձեր հաշվում թիմի յուրաքանչյուր անդամի համար միշտ օգտագործեք առանձին API բանալի։
API բանալին եզակի կոդ է, որը նույնականացնում է API-ին ուղարկվող ձեր հարցումները։ Ձեր API բանալին նախատեսված է միայն ձեր օգտագործման համար։ API բանալիներով կիսվելը հակասում է Օգտագործման պայմաններին։
Փորձարկումները սկսելիս գուցե ցանկանաք API-ի հասանելիություն տրամադրել նաև ձեր թիմին։ OpenAI-ը չի թույլատրում API բանալիների համատեղ օգտագործումը։ Ձեր հաշվին նոր անդամներ հրավիրեք Անդամներ էջից, և մուտք գործելուն պես նրանք արագ կստանան իրենց եզակի բանալին։ Կարող եք նաև առանձին API բանալիների համար թույլտվություններ սահմանել։
2. Ստեղծեք վավերականության ժամկետով API բանալիներ և սահմանեք դրանց պարբերական փոխարինման ընթացակարգ
Նախագծի բանալիները կարելի է ստեղծել վավերականության ժամկետով, որի ավարտից հետո դրանցով կատարվող բոլոր հարցումները կմերժվեն։ Խստորեն խորհուրդ ենք տալիս բանալիներ ստեղծել վավերականության ժամկետով և սահմանել դրանց կանոնավոր փոխարինման ընթացակարգ։ Մինչև բանալու վավերականության ժամկետի ավարտը ստեղծեք նոր բանալի, թարմացրեք ձեր հավելվածները՝ այն օգտագործելու համար, և համոզվելով, որ նոր բանալին աշխատում է, չեղարկեք հինը։ Այս միջոցները կարող են զգալիորեն մեղմել API բանալիների արտահոսքի հետևանքները։
Ադմինիստրատորները կարող են հարթակի կարգավորումներում կազմակերպության կամ նախագծի մակարդակով պարտադիր առավելագույն վավերականության ժամկետ սահմանել API բանալիների համար։ Նոր բանալիների ժամկետները պետք է սահմանվեն թույլատրելի սահմաններում, որպեսզի բանալիները չմնան անժամկետ վավեր։ Նախագծի համար սահմանված ժամկետը չի կարող գերազանցել կազմակերպության համար սահմանվածը։
Աջակցվող աշխատանքային բեռների համար օգտագործեք աշխատանքային բեռների ինքնության ֆեդերացիան՝ երկարաժամկետ վավերականությամբ OpenAI API բանալի պահելու փոխարեն։ Ձեր աշխատանքային բեռը վստահելի մատակարարից ստացած ինքնության տվյալները փոխանակում է OpenAI-ի կարճաժամկետ մուտքի թոքենի հետ։ Կարգավորեք առանձին ծառայողական հաշիվ՝ տրամադրելով միայն աշխատանքային բեռին անհրաժեշտ թույլտվությունները։
3. Երբեք մի տեղադրեք ձեր բանալին հաճախորդի կողմում աշխատող միջավայրերում, օրինակ՝ դիտարկիչներում կամ բջջային հավելվածներում։
Ձեր OpenAI API բանալին հաճախորդի կողմում աշխատող միջավայրերում, օրինակ՝ դիտարկիչներում կամ բջջային հավելվածներում հասանելի դարձնելը չարամիտ օգտատերերին թույլ է տալիս վերցնել այն և ձեր անունից հարցումներ կատարել։ Սա կարող է հանգեցնել անսպասելի վճարների կամ հաշվի որոշ տվյալների անվտանգության խախտման։ Հարցումները պետք է միշտ ուղարկվեն ձեր սեփական սերվերային մասի միջոցով, որտեղ կարող եք ապահով պահել ձեր API բանալին։
4. Երբեք մի՛ ավելացրեք ձեր բանալին պահոցում
API բանալին սկզբնաղբյուրային կոդում ավելացնելը նույնականացման տվյալների արտահոսքի տարածված պատճառ է։ Հանրային պահոցների դեպքում այսպես կարող եք անգիտակցաբար ձեր բանալին հասանելի դարձնել համացանցում։ Մասնավոր պահոցներն ավելի անվտանգ են, սակայն տվյալների արտահոսքի հետևանքով ձեր բանալիները նույնպես կարող են բացահայտվել։ Այդ պատճառով խստորեն խորհուրդ ենք տալիս որպես բանալիների անվտանգության կանխարգելիչ միջոց օգտագործել միջավայրի փոփոխականներ։
5. API բանալու փոխարեն օգտագործեք միջավայրի փոփոխականներ
Կարգավորում Windows-ում
Միջավայրի փոփոխականը սահմանվում է ձեր օպերացիոն համակարգում, ոչ թե հավելվածի ներսում։ Այն ունի անուն և արժեք։ Խորհուրդ ենք տալիս փոփոխականն անվանել OPENAI_API_KEY։ Եթե ձեր ամբողջ թիմն օգտագործի փոփոխականի այս նույն անունը, կկարողանաք կոդի փոփոխությունները գրանցել և կոդով կիսվել՝ առանց API բանալին բացահայտելու վտանգի։
Տարբերակ 1. Սահմանեք «OPENAI_API_KEY» միջավայրի փոփոխականը cmd հրամանի տողի միջոցով
cmd հրամանի տողում գործարկեք հետևյալը՝ <yourkey>-ը փոխարինելով ձեր API բանալիով․
setx OPENAI_API_KEY "<yourkey>"Սա կկիրառվի cmd հրամանի տողի հետագա պատուհաններում, ուստի curl-ի հետ այդ փոփոխականն օգտագործելու համար պետք է նոր պատուհան բացեք։ Կարող եք ստուգել, որ փոփոխականը սահմանված է՝ բացելով cmd հրամանի տողի նոր պատուհան և մուտքագրելով
echo %OPENAI_API_KEY%Տարբերակ 2. Սահմանեք «OPENAI_API_KEY» միջավայրի փոփոխականը Կառավարման վահանակի միջոցով
Բացեք Համակարգի հատկությունները և ընտրեք Համակարգի լրացուցիչ կարգավորումներ
Ընտրեք Միջավայրի փոփոխականներ...
Օգտատիրոջ փոփոխականների բաժնում (վերևում) ընտրեք Նոր…։ Ավելացրեք փոփոխականի անունը և բանալու արժեքը՝ <yourkey>-ը փոխարինելով ձեր API բանալիով։
Փոփոխականի անունը՝ OPENAI_API_KEY
Փոփոխականի արժեքը՝ <yourkey>Կարգավորում Linux-ում և macOS-ում
Տարբերակ 1. Սահմանեք «OPENAI_API_KEY» միջավայրի փոփոխականը zsh-ի միջոցով
Տերմինալում գործարկեք հետևյալ հրամանը՝ yourkey-ը փոխարինելով ձեր API բանալիով։
echo "export OPENAI_API_KEY='yourkey'" >> ~/.zshrcԹարմացրեք shell-ը նոր փոփոխականով՝
source ~/.zshrcՀաստատեք, որ սահմանել եք ձեր միջավայրի փոփոխականը՝ օգտագործելով հետևյալ հրամանը։
echo $OPENAI_API_KEYՁեր API բանալիի արժեքը կլինի ստացված ելքային արդյունքը։
Տարբերակ 2. Սահմանեք ձեր «OPENAI_API_KEY» միջավայրի փոփոխականը՝ օգտագործելով bash-ը
Հետևեք Տարբերակ 1-ի ցուցումներին՝ .zshrc-ը փոխարինելով .bash_profile-ով։
Ամեն ինչ պատրաստ է։ Այժմ կարող եք բանալուն հղվել curl-ում կամ բեռնել այն ձեր Python-ում։
import os
import openai
openai.api_key = os.environ["OPENAI_API_KEY"]6. Օգտվեք բանալիների կառավարման ծառայությունից
Գաղտնի API բանալիներն անվտանգ կառավարելու համար հասանելի են տարբեր գործիքներ։ Դրանք թույլ են տալիս վերահսկել ձեր բանալիների հասանելիությունը և ընդհանուր առմամբ բարձրացնել տվյալների անվտանգությունը։ Ձեր հավելվածից տվյալների արտահոսքի դեպքում բանալիները չեն բացահայտվի, քանի որ կպահվեն գաղտնագրված և կկառավարվեն լիովին առանձին վայրում։
Իրենց հավելվածները շահագործման հանձնող թիմերին խորհուրդ ենք տալիս դիտարկել այս ծառայություններից օգտվելու հնարավորությունը։
7. Հետևեք ձեր հաշվի օգտագործմանը և անհրաժեշտության դեպքում փոխարինեք բանալիները
Ձեր կազմակերպության կամ նախագծերի համար սահմանեք ամսական ծախսերի սահմանաչափեր և միացրեք դրանց խիստ կիրառումը՝ բանալու արտահոսքի հետևանքով անսպասելի ծախսերը սահմանափակելու համար։ Միայն ծախսերի մասին ծանուցումները չեն դադարեցնում API հարցումների հոսքը։ Սահմանաչափերի խիստ կիրառումը կարող է արգելափակել նաև օրինական հարցումները։ Բացի այդ, ծախսերը կարող են փոքր-ինչ գերազանցել սահմանաչափը, քանի որ այն ակնթարթորեն չի կիրառվում։
Արտահոսած API բանալին մեկ ուրիշին թույլ է տալիս առանց ձեր համաձայնության օգտվել ձեր հաշվի քվոտայից։ Սա կարող է հանգեցնել տվյալների կորստի, անսպասելի գանձումների, ամսական քվոտայի սպառման և API-ի հասանելիության ընդհատման։
Ձեր թիմերի օգտագործմանը կարող եք հետևել Օգտագործում էջում։ Եթե չարաշահման վերաբերյալ կասկածներ ունեք, կարող եք մի քանի քայլ ձեռնարկել՝ ձեր հաշիվը պաշտպանելու համար․
Ստուգեք օգտագործման տվյալները՝ պարզելու համար, թե արդյոք դրանք համապատասխանում են ձեր թիմի աշխատանքին։ Մի քանի կազմակերպությունների (օրինակ՝ կորպորատիվ և անձնական) անդամ օգտատերերի դեպքում համոզվեք, որ նրանք միացրել են օգտագործման հետևումը և դրա համար սահմանել լռելյայն կազմակերպությունը։
Եթե կարծում եք, որ ձեր բանալին արտահոսել է, անմիջապես փոխարինեք այն API բանալիներ էջում։ Եթե ձեր հավելվածներն արդեն շահագործվում են, անհրաժեշտ կլինի համապատասխանաբար թարմացնել դրանցում օգտագործվող բանալիների արժեքները։
Հետագա ուսումնասիրության համար կապվեք մեզ հետ help.openai.com-ի միջոցով։
8. Պաշտպանեք API-ի հասանելիությունը ցանցային վերահսկման միջոցներով
IP հասցեների թույլատրելի ցանկը հնարավորություն է տալիս սահմանափակել, թե որ IP հասցեներից կարելի է մուտք գործել ձեր OpenAI API։ Երբ այս գործառույթը միացված է, ընդունվում են միայն նշված IP հասցեներից կամ միջակայքերից ստացված հարցումները, իսկ մյուսները մերժվում են, նույնիսկ եթե պարունակում են վավեր API բանալի։
Սա պաշտպանության լրացուցիչ շերտ է ապահովում՝ ձեր API-ն հասանելի դարձնելով միայն վստահելի ենթակառուցվածքից, օրինակ՝ ձեր սերվերային համակարգերից կամ ամպային միջավայրից։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «IP հասցեների թույլատրելի ցանկը OpenAI API-ի համար» հոդվածը։
Private Link-ը ևս մեկ տարբերակ է այն կազմակերպությունների համար, որոնց անհրաժեշտ է մուտք մասնավոր ցանցով։ Այն թույլ է տալիս Azure-ում աշխատող ծրագրերին ու ծառայություններին Azure Private Link-ի միջոցով միանալ OpenAI API-ի տարածաշրջանային վերջնակետերին։ Հասանելիություն ստանալու համար դիմեք OpenAI-ի ձեր ներկայացուցչին կամ վաճառքի բաժնին։ API-ի նույնականացումը շարունակում է պարտադիր մնալ, իսկ Private Link-ը համատեղելի չէ IP հասցեների թույլատրելի ցանկի կամ փոխադարձ TLS-ի (mTLS) հետ։ Կարգավորման մանրամասների համար տե՛ս Private Link-ի ուղեցույցը։
