ChatGPT-ն կարող է օգտակար լինել, բայց միշտ չէ, որ ճիշտ է
ChatGPT-ն նախատեսված է օգտակար պատասխաններ տալու համար՝ հիմնվելով իր ուսուցման տվյալներում առկա օրինաչափությունների վրա։ Սակայն, ինչպես ցանկացած լեզվական մոդել, այն կարող է սխալ կամ մոլորեցնող պատասխաններ տալ։ Երբեմն այն կարող է վստահ հնչել նույնիսկ այն ժամանակ, երբ սխալվում է։
Այս երևույթը հաճախ անվանում են հալյուցինացիա․ մոդելը տալիս է փաստերին չհամապատասխանող պատասխաններ, օրինակ՝
Սխալ սահմանումներ, ամսաթվեր կամ փաստեր
Հորինված մեջբերումներ, ուսումնասիրություններ, աղբյուրների վկայակոչումներ կամ հղումներ գոյություն չունեցող աղբյուրներին
Չափազանց վստահ պատասխաններ ոչ միանշանակ կամ բարդ հարցերին
Այդ պատճառով օգտատերերին խորհուրդ ենք տալիս քննադատաբար մոտենալ ChatGPT-ի պատասխաններին և կարևոր տեղեկությունները ստուգել հուսալի աղբյուրներով։
Նոր գործիքները կարող են բարելավել փաստերի ճշգրտությունը
Կախված ձեր բաժանորդագրության պլանից՝ ChatGPT-ին կարող են հասանելի լինել գործիքներ, որոնք օգնում են պատասխանել՝ հիմնվելով ավելի արդիական կամ ստուգելի տեղեկությունների վրա․
| Գործիք | Ինչ է անում |
|---|---|
| Որոնում | Թույլ է տալիս ChatGPT-ին համացանցում գտնել արդիական կամ նեղ մասնագիտական տեղեկություններ և պատասխանել՝ հղում անելով աղբյուրներին |
| Կոդի մեկնաբանիչ / Տվյալների վերլուծություն | Հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ հաշվարկներ, պատկերավոր ներկայացնել տվյալները և կիրառել կառուցվածքային տրամաբանություն |
| Խորքային ուսումնասիրություն | Պատասխաններ է տալիս՝ համադրելով համացանցի ու ներքին գիտելիքների բազայի բազմաթիվ աղբյուրներ և հղումներ անելով դրանց |
ChatGPT-ն ամեն ինչ չգիտի
Թեև մեր վերջին մոդելները լայն հնարավորություններ ունեն, դրանք նաև սահմանափակումներ ունեն․
Գիտելիքների վերջնաժամկետ․ մոդելներն ուսուցանվում են մինչև որոշակի պահը հավաքված տվյալներով, և առանց գործիքների օգտագործման՝ դրանց պատասխանները չեն ներառում այդ պահից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկություններ։
Վստահությունը հուսալիություն չի նշանակում․ մոդելը կարող է շատ վստահ արտահայտվել նույնիսկ սխալ պատասխաններ տալիս։
Հասանելիության բացակայություն․ մոդելը կարող է չկարողանալ տվյալ կայքից ստանալ անհրաժեշտ տեղեկությունները՝ տեխնիկական խնդիրների, վճարովի հասանելիության կամ robots.txt-ի միջոցով սահմանված կարգավորումների պատճառով։
Կողմնակալություն և չափազանց պարզեցում․ որոշ դեպքերում այն կարող է՝
Մեկ տեսակետ ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն
Չափազանց պարզեցնել բարդ կամ նրբություններ պարունակող հարցերը
Խեղաթյուրել գիտական համաձայնության կամ հանրային բանավեճի նշանակությունը
ԱԲ-ով ստեղծված տեքստը և հեղինակությունը
ChatGPT-ն չի կարող հուսալիորեն որոշել՝ տեքստը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով, թե ոչ, կամ արդյոք ինքն է գրել այն։ Այն կարող է հորինված պատասխաններ տալ այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ «Այս էսսեն դո՞ւ ես գրել։» կամ «Հնարավո՞ր է, որ սա ԱԲ-ն է գրել։» Այդ պատասխանները հեղինակությունը հաստատող հուսալի ապացույցներ չեն։
Արդյո՞ք ChatGPT-ին հասանելի է համացանցը
Ընդհանուր առմամբ՝ այո։ Թեև ChatGPT-ն համացանցում չի որոնում, եթե հատուկ գործիքներ միացված չեն, այդ գործիքները լռելյայն միացված են բոլոր մոդելների համար։
Երբ որոնումն անջատված է․ պատասխանները հիմնվում են այն ամենի վրա, ինչ մոդելը սովորել է ուսուցման ընթացքում։
Որոնման կամ խորքային ուսումնասիրության միջոցով․ այն կարող է իրական ժամանակում օգտվել համացանցի աղբյուրներից և հղում անել դրանց՝ հարցերին պատասխանելով ավելի թարմ տեղեկություններով։
Պարզելու համար՝ որոնումը միացված է, թե ոչ, ChatGPT-ում գրելիս ստուգեք՝ մուտքագրման դաշտում որոնման կամ խորքային ուսումնասիրության պատկերակներն ակտիվ են, թե ոչ, կամ արդյոք պատասխանում կան հղումներ համացանցի աղբյուրներին։
Գործնական խորհուրդներ ChatGPT-ը պատասխանատու օգտագործելու համար
Օգտագործեք ChatGPT-ը որպես առաջին սևագիր, ոչ թե վերջնական աղբյուր։ Խնդրում ենք ստուգել կարևոր տեղեկությունները։
Միշտ ստուգեք մեջբերումները, տվյալները, տեխնիկական տեղեկությունները կամ արտաքին փաստաթղթերի հղումները։
Օգտագործեք հասանելի գործիքներ, ինչպիսիք են որոնումը կամ խորքահին ուսումնասիրությունը, և երբ ճշգրտությունը կարևոր է, ստուգեք աղբյուրները՝ ուղղակիորեն այցելելով հղումները։
Խրախուսեք քննադատական մտածողությունը՝ հատկապես կրթական միջավայրերում։
